all-new-patrol-marks
  • Օլիվեր Ռոուլենդն ու Նորման Նատոն նպատակ ունեն նոր մրցաշրջանը սկսել բարձր միավորներով

YOKOHAMA, Japan (2025 թ. դեկտեմբերի 4) – Nissan Formula E թիմը պատրաստվում է վստահ մեկնարկի 2025/26 ABB FIA Formula E աշխարհի առաջնությունում, որի առաջին փուլը կանցկացվի Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում։ Թիմը դրական տրամադրված է մրցաշրջանի մեկնարկին՝ հոկտեմբերին Վալենսիայում անցկացված նախամրցաշրջանային թեստերի հաջող շաբաթից հետո։

Մրցաշարը կդառնա Formula E-ի չորրորդ այցը Բրազիլիա։ Մրցուղին տեղակայված է Anhembi Sambadrome-ում, իսկ գլխավոր ուղիղ հատվածը անցնում է Սան Պաուլոյի հայտնի Կառնավալի տարածքով՝ քաղաքի հյուսիսային հատվածում։

Թիմի վարորդները՝ աշխարհի գործող չեմպիոն Օլիվեր Ռոուլենդը և Նորման Նատոն, նպատակ ունեն կիրառել այս մրցուղու նախորդ տարիների փորձը։ Ռոուլենդը 2023/24 մրցաշրջանում այստեղ բարձրացել է պատվո հարթակ, իսկ անցյալ տարվա մրցավազքում երկու վարորդներն էլ երկար ժամանակ պայքարել են առաջատար դիրքերում. Սակայն վերջում ստացած տուգանքները խանգարել են միավորներ վաստակել։

2,93 կմ երկարությամբ այս մրցուղին արագ է, անհարթ՝ մի քանի կտրուկ արգելակման հատվածներով։ Այն վարորդներից պահանջում է առավելագույն կենտրոնացում և ստեղծում է շրջանցման լավ հնարավորություններ՝ հատկապես 1-ին, 4-րդ և 7-րդ շրջադարձերում։ Այս տարի մրցավազքը մեկ շրջանով կարճ է լինելու, ինչը նշանակում է ավելի դինամիկ պայքար և էներգիայի խնայողության ավելի քիչ անհրաժեշտություն։

Մրցավազքի հանգստյան օրերը կմեկնարկեն ուրբաթ՝ ազատ մարզում 1-ով, որին կհետևի երկրորդ մարզումը շաբաթ առավոտյան։ Որակավորումը կանցկացվի նույն օրը կեսօրից հետո, իսկ մրցաշրջանի առաջին մրցավազքը կմեկնարկի երեկոյան։

Nissan Formula E թիմի ղեկավար և գործադիր տնօրեն Տոմազո Վոլպեն նշել է.

«Թիմը լիովին պատրաստ է վերադառնալ մրցուղի և շարունակել անցած մրցաշրջանի դրական ընթացքը։ Սան Պաուլոյում պետք է բարձր տեմպ թելադրենք, քանի որ այս տարի մրցակցությունը ավելի խիստ է լինելու։ GEN3 Evo մեքենաների հետ բոլոր թիմերն արդեն ունեն մեկ տարվա փորձ, և դա մրցակցությունը դարձնում է ավելի սերտ ։ Յուրաքանչյուր որոշում և յուրաքանչյուր միավոր կարող է վճռորոշ լինել, ուստի մեր նպատակն է անցկացնել կայուն և մաքուր մրցավազք՝ առանց սխալների»։

Օլիվեր Ռոուլենդը հավելել է, որ անհամբերությամբ է սպասում մրցաշրջանի մեկնարկին՝ արդեն աշխարհի գործող չեմպիոնի կարգավիճակով.
«Սա նոր մրցաշրջան է, և պետք է ամեն ինչ նորից ապացուցել։ Անցյալ տարի Սան Պաուլոյում երկար ժամանակ առաջատար էի, և այս մրցաշրջանն էլ ցանկանում եմ սկսել ուժեղ՝ կրկին պայքարելով առաջնագծում»։

Նորման Նատոն նույնպես ընդգծել է լավ մեկնարկի կարևորությունը.
«Նախամրցաշրջանային թեստերի ընթացքում մենք կենտրոնացել էինք գործընթացների կատարելագործման և տեխնիկական մանրամասների վրա, իսկ վերջին օրը ցույց տվեցինք բարձր արագություն։ Ուժեղ մեկնարկը կարևոր է թե՛ վարորդի վստահության, թե՛ թիմում ընդհանուր մթնոլորտի համար»։

Nissan-ը Formula E-ում

Nissan-ը Formula E-ում իր ամբողջությամբ էլեկտրական մրցարշավային դեբյուտը կատարել է ABB FIA Formula E աշխարհի առաջնության 5-րդ մրցաշրջանում (2018/19)՝ դառնալով առաջնությանը միացած առաջին և միակ ճապոնական ավտոարտադրողը։

7-րդ մրցաշրջանում (2020/21) ընկերությունը հայտարարեց Formula E-ում իր երկարաժամկետ ներգրավվածության մասին՝ հաստատելով մասնակցությունը GEN3 դարաշրջանին, որը ընդգրկում է 9-րդ (2022/23) մրցաշրջանից մինչև 12-րդը (2025/26)։

2022 թվականի ապրիլին Nissan-ը ձեռք բերեց e.dams մրցարշավային թիմը՝ ամբողջությամբ իր վերահսկողության տակ վերցնելով մասնակցությունը ABB FIA Formula E աշխարհի առաջնությանը։

2024 թվականի մարտի 28-ին, Տոկիոյի առաջին E-Prix-ից առաջ, Nissan-ը հայտարարեց Formula E-ում իր հերթական երկարաժամկետ պարտավորության մասին՝ դառնալով GEN4 դարաշրջանին միացած առաջին արտադրողը։ GEN4-ը կգործի մինչև 2030 թվականը և հանդիսանում է Nissan-ի Ambition 2030 էլեկտրականացման ռազմավարության կարևոր քայլերից մեկը։

11-րդ մրցաշրջանում (2024/25) Nissan Formula E թիմը նվաճեց վարորդների աշխարհի չեմպիոնի տիտղոսը․ Օլիվեր Ռոուլենդը մրցաշրջանի ընթացքում բարձրացավ յոթ անգամ պատվո հարթակ, այդ թվում՝ չորս հաղթանակով և երեք փոլ փոզիշընով՝ ապահովելով չեմպիոնությունը մրցաշրջանի ավարտից երկու փուլ առաջ։

ABB FIA Formula E աշխարհի առաջնության 12-րդ մրցաշրջանում Nissan Formula E թիմի վարորդներն են Օլիվեր Ռոուլենդը և Նորման Նատոն։
Formula E-ում Nissan-ը ցուցադրում է, թե ինչի են իրականում ունակ զրոյական արտանետումներով էլեկտրական ավտոմեքենաները՝ համադրելով տեխնոլոգիան, արագությունն ու վարելու հուզմունքը։ Ընկերության ռազմավարական նպատակն է մինչև 2050 թվականը հասնել ածխածնային չեզոքության, իսկ այդ ճանապարհին Nissan-ը նախատեսում է 2030-ականների սկզբին էլեկտրիֆիկացնել բոլոր նոր մոդելները հիմնական շուկաներում՝ մրցուղու փորձն ուղղակիորեն կիրառելով սերիական արտադրությունում։
Ավելին`

Global.NissanNews.com/FormulaEPressKit

Formula E-ի մասին

ABB FIA Formula E աշխարհի առաջնությունը 2020 թվականից գործում է որպես աշխարհի առաջին գլոբալ ավտոսպորտային առաջնությունը, որի մրցարշավները կազմակերպվում են շրջակա միջավայրի վրա նվազագույն ազդեցությամբ։ Դրան հասնելու համար Formula E-ն բոլոր մրցավայրերում իրականացնում է կլիմայի պահպանությանը միտված ծրագրեր՝ փոխհատուցելով մրցաշրջանների ընթացքում առաջացող ազդեցությունները։

Առաջնության բոլոր ավտոմեքենաները միայն էլեկտրական են, իսկ Formula E-ն ծառայում է որպես մրցակցային հարթակ՝ էլեկտրական տեխնոլոգիաների փորձարկման, զարգացման և կատարելագործման համար։

Formula E-ում աշխարհի առաջատար ավտոարտադրողները մրցում են քաղաքային մրցուղիներում։ Առաջնությունը նպաստում է քաղաքներում կայուն շարժունակության զարգացմանը՝ նպատակ ունենալով նվազեցնել օդի աղտոտումը և մեղմել կլիմայական փոփոխությունների ազդեցությունը։

all-new-patrol-marks
all-new-patrol-marks